«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է խաղաշապիկի նոր տարբերակը՝ հայտնի բրիտանացի երգիչ Էդ Շիրանի նոր ալբոմի լոգոտիպով։
Կատալոնացիների տնային մարզաշապիկի վրա տիտղոսային հովանավորի փոխարեն երևալու է Շիրանի նոր ալբոմի՝ Play-ի անվանումը։

«Play-ը նրա ութերորդ ալբոմն է, մի աշխատանք, որը ծնվել է կյանքի ուրախությունից և ոգեշնչված է այն հնչյուններով ու պատմություններով, որոնք Շիրանը հավաքել է ամբողջ աշխարհից։ Play գրությունը մարզաշապիկի վրա ընդգծում է երաժշտության կարողությունը՝ հաղթահարելու սահմանները և միավորելու մարդկանց։ Էդ Շիրանի սերը ֆուտբոլի և Բարսելոնա քաղաքի հանդեպ այս համագործակցությունն ավելի իսկական է դարձնում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ ստեղծագործությունը, երաժշտությունը և ֆուտբոլը կարող են ոգեշնչել մարդկանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

«Տեսնել իմ նոր՝ Play ալբոմի լոգոն «Բարսայի» մարզաշապիկի վրա այն պահերից է, որոնց ես չեմ կարող հավատալ։ Ես սիրել եմ ֆուտբոլն ամբողջ կյանքս, ուստի իմ երաժշտությունը նման խորհրդանշական բեմ բերելը և այն երկրպագուների հետ կիսելն ամբողջ աշխարհում ինձ համար շատ մեծ նշանակություն ունի», – այսպես է մեկնաբանել նոր մարզահագուստը ինքը՝ Շիրանը։
Հավաքածուն մշակվել է երաժշտական Spotify ծառայության հետ համագործակցության շրջանակներում։ «Բարսան» այս մարզահագուստով կխաղա Էլ-Կլասիկոյում «Ռեալի» դեմ հոկտեմբերի 26-ին։
























































