Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ն չի կարող լուծել աշխարհում առկա հակամարտությունները, սակայն ձգտում է ֆուտբոլի միջոցով միավորել մարդկանց: Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում նա ընդգծել է խաղաղության և միասնականության խթանման կարևորությունը, հատկապես Գազայի հատվածում տիրող իրավիճակի համատեքստում:
«ՖԻՖԱ-ում մենք օգտագործում ենք ֆուտբոլի ուժը՝ միավորելու մարդկանց այս բաժանված աշխարհում: Մենք մտածում ենք բոլոր նրանց մասին, ովքեր տառապում են աշխարհում ընթացող բազմաթիվ հակամարտություններից: Ֆուտբոլի ամենակարևոր ուղերձը խաղաղությունն ու միասնականությունն է: ՖԻՖԱ-ն չի կարող լուծել աշխարհաքաղաքական խնդիրները, բայց պարտավոր է տարածել ֆուտբոլը՝ օգտագործելով դրա միավորող, կրթական, մշակութային և մարդասիրական արժեքները»,- ասել է Ինֆանտինոն, ում խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի կայքը:
Իսրայելական թիմերի և ակումբների միջազգային մրցաշարերից հեռացման հարցը ՖԻՖԱ-ի խորհրդի նիստի օրակարգում չի եղել:
Սեպտեմբերին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) նախատեսում էր քննարկել Իսրայելի ակումբների և հավաքականների մասնակցության հարցը՝ Գազայի հատվածում ընթացող հակամարտության ֆոնին: Սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, քվեարկություն չի անցկացվել: Տարածվել էր նաև տեղեկություն, որ իսրայելական ակումբներն ու հավաքականները կարող են հեռացվել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից:

























































