Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը հինգերորդ անգամ անընդմեջ կանցկացվի Սաուդյան Արաբիայում, հայտնում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան։
Ինչպես հայտնի է, մրցաշարն անցկացվում է «Եզրափակիչ չորսի» ձևաչափով։ Նշենք, որ մրցաշարի կանոնակարգով մասնակցում են Իսպանիայի առաջնության առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակիցները։
Սակայն, քանի որ «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» զբաղեցրել են Լա Լիգայի առաջին երկու տեղերը և միաժամանակ խաղացել են Արքայական գավաթի եզրափակիչում, լիգայի մրցաշարում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ատլետիկոն» և «Ատլետիկ Բիլբաոն», կմասնակցեն Սուպերգավաթի մինի-մրցաշարին։
Կիսաեզրափակիչի զույգերը հետևյալն են․
- «Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո»
- «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
Կիսաեզրափակիչներից մեկը կկայանա հունվարի 7-ին, իսկ մյուսը՝ հունվարի 8-ին։ Եզրափակիչը կկայանա հունվարի 11-ին։ Խաղերի հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ։ Մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։























































