Մադրիդի «Ռեալը» կարծես բաց է թողնում Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին համարվում էր «սերուցքայինների» առաջնահերթ տրանսֆերային նպատակը 2026 թվականին, սակայն գործարքն այժմ գրեթե բացառված է. խաղացողը համաձայնել է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել «Արսենալի» հետ։
Նշվում է, որ մադրիդյան գրանդը հիասթափված է այս լուրից։ «Ռեալի» ղեկավարությունը կենտրոնական պաշտպանի՝ «Արսենալում» մնալու որոշումը համարում է անձնական անհաջողություն։
Սալիբայի գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, ուստի նա կարող է հասանելի դառնալ հաջորդ ամռանը՝ ավելի ցածր գնով։ Transfermarkt-ը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։



























































