«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Ռեալի» կողմից «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը երկրորդ տարին անընդմեջ բոյկոտելու մասին։
«Թող անեն այն, ինչ ուզում են։ Մենք հոգ ենք տանում «Բարսայի» մասին։ Թեկնածուների և կազմակերպիչների նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք մասնակցում ենք արարողություններին։ Սա սպորտի մեր ընկալման մի մասն է։ Կարող ես հաղթել, կարող ես պարտվել։ Բայց պետք է կարողանալ պարտվել։ Մենք բախտավոր ենք, որ շատ ենք հաղթում և շատ քիչ ենք պարտվում», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Անցյալ տարի լրատվամիջոցները հաղորդեցին, որ «Ռեալը» որոշել է բոյկոտել արարողությունը, երբ իմացել է, որ «Ոսկե գնդակը» կհանձնվի ոչ թե բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին, այլ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։ Այս տարի ևս մադրիդցիները չմասնակցեցին մրցանակաբաշխությանը։























































