ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմիի՝ ենթադրյալ բռնաբարության գործով տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Ռեյչել-Ֆլոր Պարդոն հայտնել է, որ դատախազությունը պահանջել է սկսել դատական գործընթաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023 թվականի փետրվարին մի աղջիկ դիմել էր ոստիկանություն՝ մեղադրելով մարոկկացի ֆուտբոլիստին սեռական բռնության մեջ: Ըստ աղջկա՝ նա այցելել էր Հակիմիի տուն, որտեղ ֆուտբոլիստը, առանց նրա համաձայնության, համբուրել և դիպչել էր իրեն, ապա բռնաբարել: Աղջկան հաջողվել էր փախչել և նույն օրը դիմել ոստիկանություն:
– Իմ հաճախորդը մեծ հանգստությամբ ընդունեց դատախազության միջնորդության մասին լուրը, – Le Parisien-ի փոխանցմամբ՝ ասել է Պարդոն:
Հակիմին գործի ընթացքում հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ կազմակերպվել է դավադրություն՝ նյութական շահ ստանալու նպատակով: Քննչական դատավորը պետք է հաստատի կամ մերժի մեղադրական եզրակացությունը, որը ստորագրվել է օգոստոսի 1-ին: Հակիմիին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Ֆուտբոլիստի փաստաբան Ֆանի Կոլեն հայտարարել է, որ Հակիմին պատրաստ է պաշտպանվել:
– Այս պահանջներն անհիմն են և անհասկանալի՝ հաշվի առնելով գործի նյութերում առկա ապացույցները: Դրանք, մասնավորապես՝ հոգեբանական փորձաքննության արդյունքները, վկայում են հայցվորի կողմից սուտ ցուցմունքների մասին: Ես և Աշրաֆ Հակիմին պահպանում ենք նույն սառնասրտությունը, ինչ գործի սկզբում: Եթե միջնորդությունը բավարարվի, մենք կօգտվենք բողոքարկման բոլոր հնարավորություններից, – ասել է Կոլեն:
26-ամյա Հակիմին երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, չորս անգամ դարձել Ֆրանսիայի չեմպիոն և Օլիմպիական խաղերում նվաճել բրոնզե մեդալ:


























































