Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Մատս Հումելսը պաշտպանել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որի հետ բախման արդյունքում «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան սրունքոսկրի կոտրվածք է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում, որտեղ ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել է գերմանական գրանդին։
«Դա բացարձակապես սովորական խաղային դրվագ էր, ոչ մի կերպ դաժան չէր։ Վնասվածքը երկուստեք պատասխանատվություն է ենթադրում՝ այսպես կձևակերպեի։ Երբեմն լինում են իրավիճակներ, որոնք պարզապես ռիսկային են, երբ կարող ես արագ վնասվել։ Ինձ համար սկզբից պարզ էր, որ սա լուրջ վնասվածք է։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց յուրաքանչյուր խաղում դաշտային խաղացողներն ու դարպասապահները հայտնվում են նման իրավիճակներում», – ասել է Հումելսը Alleine ist schwer փոդքաստում։
Ջամալ Մուսիալան վիրահատվել է։ Վերականգնման գործընթացը կտևի մի քանի ամիս։ Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի հետ կմասնակցի ակումբային առաջնության եզրափակչին՝ հանդիպելով Չելսիի հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ հուլիսի 13-ին։ Կիսաեզրափակչում ՊՍԺ-ն ջախջախել էր Մադրիդի Ռեալին։


























































