Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում տեղի ունեցան երկու ուշագրավ հանդիպումներ:
E խումբ. Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» և մեքսիկական «Մոնտերեյը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Ավելացված ժամանակում «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Քեվին Կաստանյոն կարմիր քարտ ստացավ:
Այժմ E խմբում «Ռիվեր Փլեյթը» և «Ինտերը» ունեն 4-ական միավոր, սակայն արգենտինական ակումբը գլխավորում է աղյուսակը լրացուցիչ ցուցանիշներով: «Մոնտերեյը» 2 միավորով երրորդն է, իսկ «Ուրավան» առանց վաստակած միավորի՝ վերջինը: Վերջին տուրում «Ռիվեր Փլեյթը» կխաղա «Ինտերի», իսկ «Մոնտերեյը»՝ «Ուրավայի» հետ:
F խումբ. Բրազիլական «Ֆլումինենսեն» 4:2 հաշվով հաղթեց հարավկորեական «Ուլսանին»: «Ֆլումինենսեի» կազմում գոլեր խփեցին Ջոն Արիասը, Նոնատոն, Խուան Ֆրեյտեսը և Կենոն, իսկ «Ուլսանի» գոլերը՝ Լի Ջին Հենը և Ում Վոն Սանը:
F խմբում «Ֆլումինենսեն» և «Բորուսիա Դորտմունդը» 4-ական միավորով կիսում են առաջին երկու տեղերը: «Մամելոդի Սանդաունզը» 3 միավորով երրորդն է, իսկ «Ուլսանը» առանց միավորի՝ վերջինը: Վերջին տուրում «Ֆլումինենսեն» կմրցի «Մամելոդի Սանդաունզի», իսկ «Ուլսանը»՝ «Բորուսիայի» հետ: