«Լիվերպուլը» կարող է միանալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Լիվերպուլը» բանակցություններ կսկսի Մբապեի հետ այն դեպքում, եթե սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեն դարձել է «Արքայական ակումբի» տրանսֆերային նպատակը։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 26 խաղի, դարձել 14 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա ակտիվում նաև Չեմպիոնների լիգայի 8 խաղում խփված 2 գոլ կա։
Մբապեն էլ իր հերթին Ֆրանսիայի առաջնության 20 խաղում խփել է 18 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ՉԼ-ի 7 խաղում նա գոլերով աչքի է ընկել 5 անգամ։ Փարզիյան թիմի հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։