Իտալական «Ռոմայի» 36-ամյա նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին պատմել է մարզչական կարիերա սկսելու ցանկության մասին.
«Շատ հազվադեպ կարելի է 20 տարի խաղալ միևնույն ակումբում, այդ իսկ պատճառով իմ կարիերան բավականին անսովոր էր: Ես չեմ կարող նույնի մասին երազել, եթե մարզիչ դառնամ, քանի որ դա չի կարող այդքան երկար շարունակվել: Կցանկանայի դառնալ «Ռոմայի» գլխավոր մարզիչը, բայց սկզբի համար պետք է աճեմ ու կայանամ որպես մարզիչ. հենց այդ ճանապարհն են անցնում բոլոր երիտասարդ մարզիչները:
Ես նման ճանապարհորդություն եմ սկսում ոչ միայն այն պատճառով, որ դա ինձ դուր է գալիս: Կարծում եմ՝ կարող եմ դա անել: Մարդիկ միշտ իմ մեջ առաջատարի են տեսնել հանդերձարանում, բայց մարզիչը պետք է որոշումներ կայացնի, ընտրի ֆուտբոլիստներին և արդյունքում միայնակ մնա ճնշման տակ: Կփորձեմ տարբեր մարզիչների մոտ սովորել, երբ նոր կարիերաս սկսեմ ու կարծում եմ՝ Գվարդիոլան լավ տարբերակ է սկսելու համար»,- Դե Ռոսիի խոսքերն է փոխանցում Sky Sports Italia-ն:
Դե Ռոսին «Ռոմայի» սան է: Հռոմեական ակումբի գլխավոր թիմում նա հանդես է եկել 2002-ից 2019 թվականներին: «Գայլերի» կազմում լեգենդար ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 616 հանդիպում է անցկացրել ու դարձել 63 գոլի հեղինակ: «Ռոմայի» հետ նա 3 տիտղոս է նվաճել՝ երկու անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
Անցած տարվա ամռանը Դե Ռոսին ազատ խաղացողի կարգավիճակով համալրեց «Բոկա Խունիորսի» կազմը: Այս տարվա սկզբին նա հայտարարեց կարիերան ավարտելու մասին: