Ապրիլի 7-ին տեղի է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ հաշվի առնելով համաճարակի հետևանքով ողջ Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը՝ խորհուրդը որոշել է չեղյալ համարել այս ամռանը կայանալիք ՖԻԲԱ Եվրոպայի առաջնությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում էր մասնակցել 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, իսկ կանանց Հայաստանի Մ18 և Մ16 հավաքականները, ինչպես նաև տղամարդկանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն Իռլանդիայում պետք է մրցեր Ադրբեջանի, Իռլանդիայի և Անդորրայի ընտրանիների հետ: Խաղերը նախատեսված էին հունիսի 28-ից հուլիսի 4-ը: