«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները մեկնաբանել է թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերի հետ պայմանագրի երկարաձգումը՝ նրան անվանելով ակումբի խորհրդանիշ։
«Մյուլլերը «Բավարիայի» հերոսն ու խորհրդանիշն է։ Թոմասը ողջ կարիերան մեր ակումբում է անցկացրել ու կարող է նոր ձևով բացահայտվել Ֆլիկի գլխավորությամբ։ Նա հիանալի ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ Մյուլլերը «Բավարիայի» համար նույնն է, ինչ Օկտոբերֆեստը՝ Մյունխենի։ Դրա համար էլ նրա հետ պայմանագրի երկարաձգումը հիանալի նորություն է»,- Հայների խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Մյուլլերը «Բավարիայի» սան է։ Ֆուտբոլիստը մյունխենյան ստրուկտուրայում է 2000 թվականից։ Բունդեսլիգայի գործող չեմպիոնի հիմնական կազմում հարձակվողն իր նորամուտը նշել է 2008 թվականին։