Օլիմպիական խաղերին ընդառաջ բոլոր վարկանիշային մրցաշարերը կավարտվեն մինչև 2021 թվականի հունիսի 29-ը:Այս մասին հաղորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ ազգային մարզական կոմիտեներին ուղղված նամակում: Նամակի բովանդակությունը հրապարակել է Inside the Games պարբերականը:
Նամակում ասվում է, որ մրցաշարերի անցկացման ժամկետների ու վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն դեռևս տալ հնարավոր չէ, այն կհրապարակվի կորոնավիրուսի պատճառով առկա սահմանափակումների վերացումից հետո:
Հիշեցնենք՝ Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը տեղափոխվել են 2021թ.:
Ավելի վաղ ՄՕԿ-ից հայտնել էին, որ բոլոր այն մարզիկները, ովքեր Տոկիոյի Խաղերի ուղեգիր էին նվաճել, կպահպանեն իրենց օլիմպիական լիցենզիաները:
Կորոնավիրուսի տարածման պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվում կամ հետաձգվում են մարզական բոլոր խոշոր միջոցառումները: Մարզիկները անհատական ծրագրերով են մարզվում ու մարզավիճակ պահում՝ պահպանելով կարանտինի կանոնները: COVID-19-ի բռնկումը գրանցվել է անցած տարվա վերջին չինական Վուհան քաղաքում:
Մարտի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման 1 210 402 դեպք է գրանցվել, ինչի պատճառով ավելի քան 60 հազար մարդ է մահացել, իսկ ապաքինվել է 273 հազարը: