«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այս պահին «Խիմնասիա» ակումբի գլխավոր մարզիչն է, կարծիք է հայտնել այն մասին, որ որոշ ակումբներ կարող են օգտագործել կորոնավիրուսի համաճարակը՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր չվճարելու համար.
«Ֆուտբոլիստներ կան, որոնք կարող են հաղթահարել աշխատավարձի նվազեցումը, դա ճիշտ է, և մենք բոլորս դա գիտենք: Բայց կան ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ մեկ ամիս չեն կարող անվճար խաղալ: Ակումբները պետք է վարձատրեն նրանց:
Կան ակումբներ, որոնք օգտվում են իրավիճակից, որպեսզի չվճարեն ֆուտբոլիստներին: Տարիներ շարունակ նրանք ֆուտբոլիստներին ստրուկների պես են վերաբերվել: Թվում է՝ որոշ ակումբների մոտ միշտ համաճարակ է: Նրանք չպետք է արդարացումներ փնտրեն, քանի որ ֆուտբոլիստներին դեռ գումար է անհրաժեշտ՝ սնվելու համար»,-Մարադոնայի խոսքերն է փոխանցում The Sun-ը: