Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրերը հայտարարել են, որ ներկա չեն գտնվելու իրենց հոր հիշատակին անցկացվելիքխաղին, որը կկայանա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայում: Լեգենդար արգենտինացու մահվան առաջին տարելիցի կապակցությամբ իսպանական «Բարսելոնան» և արգենտինական «Բոկա Խունիորսը» հիշատակի հանդիպում կանցկացնեն՝ խաղարկելով «Մարադոնայի Գավաթը»:
Մարադոնայի դուստրերը՝ Դալման և Ջանինան, հայտարարել են, որ չեն մասնակցելու միջոցառմանը, իսկ Դալման նաև քննադատել է գործարքն ուղեկցող փաստաբանին: Նա հայտարարել է, որ փաստաբանը հիմա փորձում է սակարկել լեգենդար ֆուտբոլիստի լուսանկարի, ձայնի և անվան իրավունքը.
«Նրանք փորձում են բիզնես անել իմ հոր անվան հաշվին»,- հայտարարել է Դալման սոց.ցանցերում:
Մարադոնան 1981-ից 1982, ինչպես նաև 1995-ից 1997 թվականներին հանդես է եկել «Բոկա Խունիորսում»։ Արգենտինական ակումբի հետ նա դարձել է երկրի չեմպիոն։
«Բարսելոնայի» կազմում Մարադոնան խաղացել է 1982-ից 1984 թվականներին։ Կատալոնական ակումբի կազմում արգենտինացին նվաճել է Իսպանիայի Գավաթը, Լիգայի Գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
Մարադոնան կյանքից հեռացել է 60 տարեկան հասակում։