«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին իր նորամուտը կատալոնական ակումբում կնշի հոկտեմբերի 20-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» այդ օրը Լա լիգայի շրջանակներում կհանդիպի «Սևիլիային»։
Հոկտեմբերի 2-ին «Բարսելոնան» հայտարարել էր 34-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև գալիք տարվա հուլիս։ Լեհ ֆուտբոլիստն օգոստոսին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն վերադարձել է մեծ ֆուտբոլ «Բարսելոնայի» հետաքրքրվածության շնորհիվ։
Ավելի վաղ «կապտանռնագույնների» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն աջ ոտքի ծնկատակի ջլի վիրահատության էր ենթարկվել։ Նրա ապաքինման համար կպահանջվի մինչև 8 ամիս։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ Շչեսնին հավաքականների հանդիպումների հետ կապված միջազգային դադարի ընթացքում կկարողանա ձեռք բերել իր լավագույն մարզավիճակը:
Շչեսնու վերջին ակումբը եղել է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբի կազմում նա դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն և երկրի գավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Իտալիայի սուպերգավաթը: Բացի այդ, լեհ դարպասապահը հանդես է եկել «Ռոմայում», լոնդոնյան «Արսենալում» և «Բրենթֆորդում»։