34-ամյա պաշտպան Դեյլի Բլինդը պատմել է, որ որոշել է կարիերան ավարտել Նիդերլանդների հավաքականում։
«Պատիվ էր 108 անգամ կրել նարնջագույն մարզաշապիկը, ինձ համար սա որպես խաղացող ամենաբարձր ձեռքբերումն է՝ ներկայացնել իմ երկիրը:
11 տարի ես ամեն ինչ արեցի, որպեսզի շարունակեմ կրել այդ գեղեցիկ նարնջագույն համազգեստը։ Այն ինձ այնքան շատ, այնքան հրաշալի պահեր բերեց: Ես թանկ եմ գնահատում սա: Նոր, տաղանդավոր սերունդ է ի հայտ գալիս, և ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ լավ զրույցից հետո ժամանակն է ամբողջությամբ կենտրոնանալ իմ ակումբի և ընտանիքի վրա։
Եվս մեկ անգամ մեծ պատիվ էր: Սրանք հիանալի տարիներ էին, շնորհիվ մարզիչների, անձնակազմի, թիմակիցների և, իհարկե, նարնջագույն լեգեոնի: Ես կկարոտեմ բոլորիդ։ Շնորհակալություն բոլորին»,- գրել է Բլինդը սոցցանցում։
























































