«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են մնացել նախորդ մրցաշրջանում հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղից։
Ինչպես հայտարարել է լրագրող Դավիդ Բեռնաբեուն OnzeTV3-ի եթերում, 2023/2024 մրցաշրջանի ընթացքում կատալոնական ակումբի որոշ խաղացողներ կապտանռնագույնների նախկին մարզիչ Չավիի հետ անձնական զրույցներում նշել են, որ Ռոբերտ Լևանդովսկուն հարձակման առաջնագծում ունենալով՝ թիմը չի կարողանում բարձր պրեսինգի դիմել: Ֆուտբոլիստները նշել են, որ 35-ամյա լեհ խաղացողը չունի այն որակները, որոնք անհրաժեշտ են մրցակիցների վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։
Լևանդովսկու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 49 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































