ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Տոբոլի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է, որ իրենց քաղաքում՝ Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է ու դեռ որևէ մեկը չի վարակվել.
«Այստեղ՝ Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթանում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը»,- ասել է Պետրոս Ավետիսյանը:
Խոսելով Ղազախստան-Հայաստան ընկերական խաղի չեղարկման մասին՝ Ավետիսյանը նշել է, որ շատ էր սպասում այդ հանդիպմանը, քանի որ ցանկանում էր հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ.
«Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»,- ասել է Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ Ղազախստան-Հայաստան ընկերական խաղը նախատեսված էր մարտի 30-ին, սակայն այն չեղարկվեց կորոնավիրուսի տարածման պատճառով: