«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը ցանկանում էր ձեռք բերել իր հայրենակից Էրլինգ Հոլանդին, բայց ղեկավարության աջակցության բացակայությունը հարձակվողին ստիպեց ընտրել Դորտմունդի «Բորուսիան»: Նման տեսակետ է հայտնել երիտասարդ ֆուտբոլիստի հայրը.
«Չի կարելի ենթադրել, թե այլ ակումբներում ամեն ինչ ինչպես կընթանար»,- ասել է Հոլանդի հայրը TV2-ին տված հարցազրույցում խոսելով ՄՅՈւ չկայացած տեղափոխության մասին:
«Հնարավոր է՝ ամեն ինչ այսքան լավ լիներ: Մենք դա երբեք չենք իմանա, բայց շատ գոհ ենք այն ակումբներից, որտեղ տղաս խաղացել է: Տեղափոխության համար անհրաժեշտ է, որ ամբողջ ակումբը դա ցանկանա, ոչ թե միայն մարզիչը»,- ասել է Հոլանդ-ավագը:
Հիշեցնենք՝ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից»՝ 20 մլն եվրոյի դիմաց: Գերմանական Բունդեսլիգայում նա 8 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: