ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մեկնով Հայաստանի պատվիրակությանը:
Այս մասին գրառում է կատարվել ՀԱՕ նախագահի ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Հայաստանի հավաքականը պատրաստ է։ Մարզաշխարհի այս կարևորագույն ստուգատեսին մասնակցելու են մեր ուժեղագույն 15 մարզիկներ։ Օլիմպիական խաղերին մասնակցող մեր դեսպաններին մաղթենք հաջող մրցելույթներ, վերադարձե՛ք հաղթանակած։
Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի դրոշակակիրը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նրա թեկնածությունը հաստատվել է ՀԱՕԿ գործադիր կոմիտեի նիստում։
2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:
Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը: