Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին նշանակվել է Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Խուլենն իր կարիերան սկսել է «Ռայո Վալեկանոյում»։ Այնուհետև 54-ամյա մասնագետը մարզիչ է եղել «Կաստիլիայում», իսպանական երիտասարդական թիմերում, «Պորտուում», Իսպանիայի ազգային հավաքականում, «Ռեալում», «Սևիլիայում» և «Վուլվերհեմփթոնում»:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին «Վեսթ Հեմը» հայտարարեց, որ Դեյվիդ Մոյեսը, որը 2019 թվականի դեկտեմբերից զբաղեցնում էր անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, կլքի ակումբը 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Վեսթ Հեմը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 228 հանդիպում՝ հաղթելով 102 անգամ, 43 անգամ ոչ-ոքի խաղալով և կրելով 83 պարտություն։