Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը, և ժամանակն է ամփոփել ԱՊԼ-ի արդյունքները։ Այսօր կանդրադառնանք մրցաշարային աղյուսակին, մրցաշրջանի թվերին և փաստերին, ինչպես նաև կառանձնացնենք մառախլապատ Ալբիոնի լավագույն ֆուտբոլիստներին։
Պատրաստում ենք սուրճ կամ թեյ, հարմար տեղավորում ու գնացինք․․․
✅ Իրավիճակը մրցաշարային աղյուսակում
«Մանչեսթեր Սիթին» 2023/24 մրցաշրջանի չեմպիոնն է՝ առաջնության ավարտից հետո ընդամենը 2 միավորով առաջ անցնելով «Արսենալից»։ Ընդհանրապես, սա վերջին տարիների թերևս ամենաթեժ մրցաշրջաններից էր։ Մինչև վերջին տուրը պարզ չէր, թե որ թիմը կդառնա չեմպիոն, և երկար ժամանակ չեմպիոնական մրցավազքին՝ բացի Արտետայի թիմից, մասնակցում էր նաև «Լիվերպուլը»։
Թեժ մրցավազքից հետո ի վերջո բաղձալի նպատակին հասան հենց «քաղաքաբնակները»։ «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի պատմության մեջ միակ թիմն է, որը 4 անգամ անընդմեջ դարձավ մրցաշարի հաղթող։ Սա ակումբի 10-րդ չեմպիոնական տիտղոսն է․ այդ ցուցանիշով նրանք զիջում են միայն իրենց հարևաններին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» (20 տիտղոս), «Լիվերպուլին» (19 տիտղոս) և «Արսենալին» (13 տիտղոս)։
Մրցաշարային աղյուսակում երկրորդը «Արսենալն» է, երրորդը՝ «Լիվերպուլը», իսկ ահա «Աստոն Վիլան» անսպասելիորեն եզրափակեց լավագույն քառյակը։ Հենց այս կվարտետն էլ կներկայացնի Անգլիան Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում։
«Արսենալը» նախորդ մրցաշրջանի համեմատ այս անգամ է՛լ ավելի մոտ էր չեմպիոնությանը․․․ Բայց կրկին ինչ-որ բան չհերիքեց Արտետայի թիմին։ Փորձն արդեն կա, թիմն այս տարի այդքան էլ չտուժեց վնասվածքների պատճառով, տրամադրվածությունը ևս տեղում էր․․․ պարզապես այս անգամ մի փոքր չհերիքեց, ընդամենը՝ մի փոքր․․․ Իմ կարծիքով, սա այն դեպքերից է, որ ով էլ դառնար չեմպիոն, արդարացի կլիներ․․․ Եվ մանչեսթերյան, և լոնդոնյան ակումբները հիանալի անցկացրեցին մրցաշրջանը։ «Արսենալին» մնում է չընկճվել, մի երկու տրանսֆեր էլ ձևակերպել ամռանը և վերադառնալ ավելի ուժեղ․․․
«Տոտենհեմը», որը մրցաշրջանը սկսեց պարզապես ֆանտաստիկ տեմպով, արդյունքում 5-րդն է առաջնությունում։ Թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։ «Չելսին» մրցաշրջանի վերջին հատվածը հրաշալի անցկացրեց և արդյունքում 6-րդն է՝ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։
ԱՊԼ-ի ամենատիտղոսակիր թիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», անցկացրեց ակումբի պատմության վատագույն մրցաշրջաններից մեկը։ Տեն Հագի թիմը զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը և միայն հաղթելով Անգլիայի գավաթի եզրափակիչում (մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է), նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։
Հրաշալի մրցաշրջան անցկացրեց առաջնության ամենահամեստ (ռեսուրսներով) թիմերից մեկը՝ «Բորնմուտը», որն իսպանացի մասնագետ Անդոնի Իրաոլայի գլխավորությամբ զբաղեցրեց 12-րդ տեղը։ Անձամբ ինձ տպավորեց նաև «Քրիսթալ Փելասը», որը նոր գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասների գլխավորությամբ, բավականին շատ միավորներ խլեց առաջնության առաջատարներից։ Թիմն արդյունքում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։
Մի փոքր ավելի մեծ էին սպասելիքները «Բրայթոնից» և «Վեսթ Հեմից»։ Բայց, հնարավոր է, որ եվրագավաթային մրցաշարերին մասնակցությունն ազդեց այս թիմերի արդյունքների վրա ներքին առաջնությունում։ Գումարած, «Բրայթոնին» խանգարեցին նաև վնասվածքները, մասնավորապես՝ նկատելի էր թիմի առաջատար Միտոմայի բացակայությունը։
Եկանք, տեսանք․․․գնացինք․․․ Ահա այսպես կարճ կարելի է նկարագրել ԱՊԼ-ից դուրս մնացած թիմերին։ «Բարնլին», «Շեֆիլդը» և «Լուտոնը» նախորդ մրցաշրջանում նվաճեցին էլիտայի ուղեգիր, հյուրընկալվեցին ԱՊԼ-ում ընդամենը մեկ մրցաշրջանով և նորից վերադարձան Չեմպիոնշիփ։ Մի փոքր ցավալի է «Լուտոնի» համար։ ԱՊԼ-ում ունենալով ամենաքիչ ֆինանսական ռեսուրսները՝ թիմը կարելի է ասել՝ լավ տպավորություն թողեց․ պայքարում էին մինչև վերջ գրեթե ամեն խաղում, ունեցան մի քանի նշանակալի արդյունքներ։ Օրինակ, «Լուտոնը» սահմանեց Անգլիայի առաջնության ռեկորդ՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը և՛ գոլ է բաց թողել, և՛ գոլ խփել մրցաշրջանի 30 տարբեր տուրերում։
ԱՊԼ են վերադառնում «Լեսթերը» և «Իպսվիչը», իսկ ահա երրորդ ուղեգրի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Սաութհեմփթոնն» ու «Լիդսը»։ «Լեսթերը» ԱՊԼ-ի 2016 թվականի սենսացիոն չեմպիոնն է, իսկ «Իպսվիչը» 22 տարի անց առաջին անգամ կխաղա Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Վերջին անգամ թիմն այս մրցաշարում հանդես է եկել 2001/2002 մրցաշրջանում։ Իսկ նախորդ մրցաշրջանում «Իպսվիչը» հանդես էր գալիս ընդհանրապես Անգլիայի երրորդ դիվիզիոնում՝ Առաջին լիգայում։ «Իպսվիչը», որը հիմնադրվել է 1878 թվականին, 1962 թվականի Անգլիայի առաջնության հաղթողն է։ Թիմը նաև մեկական անգամ դարձել է Անգլիայի գավաթի և ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող։
✅ Թվեր և փաստեր
Այս մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմը «Մանչեսթեր Սիթին» էր, որի ֆուտբոլիստները մրցակիցների դարպասապահներին տխրեցրին 96 անգամ։ 91 գոլով երկրորդ տեղում «Արսենալն» է, երրորդը «Լիվերպուլն» է՝ 82 գոլ։ Լավագույն եռյակին հաջորդում են «Նյուքասլը» (81), «Չելսին» (77), «Աստոն Վիլան» (76) և «Տոտենհեմը» (74)։ Ամենաքիչ գոլերն այս մրցաշրջանում խփել են «Շեֆիլդը» (35), «Էվերտոնը» (40) և «Բարնլին» (41)։
Ամենահուսալի պաշտպանությունն ուներ «Արսենալը»․ թիմը 38 խաղում բաց է թողել ընդամենը 29 գոլ։ Արտետայի թիմին հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (34) և «Լիվերպուլը» (41)։ Իսկ ահա «Շեֆիլդը» ոչ միայն ամենաքիչն է խփում, այլ նաև ամենաշատն է բաց թողնում՝ 104 բաց թողնված գնդակ․․․ Նշենք, որ «Շեֆիլդը» հակառեկորդ է սահմանել մրցաշարի պատմության մեջ՝ 38 հանդիպումներում բաց թողած գոլերի քանակով։ Բացի այդ, կա ևս մեկ հակառեկորդի կրկնություն․ «Շեֆիլդի» խփած և բաց թողնված գոլերի տարբերությունը -69 է։ Սա «Դերբիի» 2007/08 մրցաշրջանի հակառեկորդի կրկնությունն է։
Նշենք նաև, որ այս մրցաշրջանն ամենաադրյունավետն է 1995/96 թվականներից ի վեր, երբ մրցաշարում սկսեցին հանդես գալ 20 թիմեր։
Այս մրցաշրջանում ամենաշատ հաղթանակները տոնել են «Մանչեսթեր Սիթին» և «Արենալը»՝ 28-ական, իսկ ամենաքիչ հաղթանակները․․․ այո՛, Դուք կռահեցիք, դա «Շեֆիլդն» է՝ 3․․․ այո, ընդամենը 3 հաղթանակ։ «Բարնլին» հաղթել է 5 խաղում, «Լուտոնը»՝ 6։ Իսկ գիտե՞ք՝ որ թիմն է ամենաշատ պարտությունը կրել։ Եվ Դուք նորից չսխալվեցիք՝ դա «Շեֆիլդն» է՝ 28 պարտություն։
Իսկ ահա մրցաշրջանի «ամենախաղաղասեր» թիմը «Բրայթոնն» է, որը 12 անգամ ոչ-ոքի խաղաց մրցակիցների հետ։
Այս մրցաշրջանում գրանցվել է ևս մեկ հետաքրքիր ռեկորդ․ «Տոտենհեմ» — «Շեֆիլդ» (13 սեպտեմբերի 2023) խաղում երկու թիմի ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ ստացել են 13 դեղին քարտ։ Հետաքրքիրն այն է, որ միայն մեկ ֆուտբոլիստ ստացել է երկու դեղին քարտ և հեռացվել խաղադաշտից․ դա հյուրերի հարձակվող Մաքբըրն էր։
✅ Լավագույնները
Ձեր սուրճը կամ թեյը վերջացա՞վ․․․ մեր նյութը՝ դեռ ոչ․․․ Թիմերի թվերից ու փաստերից անցում կատարենք ֆուտբոլիստների անհատական արդյունքներին։
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուն երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը․ նա այս մրցաշրջանում աչքի ընկավ 27 անգամ։ Ճիշտ է, նախորդ տարվա թվերը չեն (36), երբ նա մրցաշարի պատմության ռեկորդ գրանցեց, բայց միևնույնն է՝ այդքան գոլն էլ բավարար էր լավագույնը լինելու համար։
22 գոլով երկրորդն այս ցուցանիշով «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերն է։ Նա իր գոլերից 9-ը խփել է 11-մետրանոցից, և այդ ցուցանիշով առաջինն է․ ոչ մի ֆուտբոլիստ ավելի շատ 11-մետրանոց հարված չի իրացրել ԱՊԼ-ում այս մրցաշրջանում։
Լավագույն ռմբարկուները․
Էրլինգ Հոլանդ — 27 գոլ
Քոուլ Պալմեր — 22
Ալեքսանդեր Իսակ — 21
Ֆիլ Ֆոդեն, Դոմինիկ Սոլանկե, Օլի Ուոթքինս — 19
Մոհամեդ Սալահ — 18
Իսկ ահա գոլային փոխանցումների քանակով լավագույնն «Աստոն Վիլայի» ներկայացուցիչ Օլի Ուոթքինսն է։ Նա նաև հավակնում էր մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Մի փոքր շեղվենք մեր այսօրվա թեմայից․ մի զավեշտալի պատմություն՝ կապված Ուոթքինսի հետ։
Օլի Ուոթքինսի ընկերուհին՝ Էլլի Ալդերսոնը, փորձեց ստանալ Թեյլոր Սվիֆթի երկրպագուների աջակցությունը։ Նա գրառում է կատարել, որտեղ Ուոթքինսին վերագրել է հետևյալ մեջբերումը. «Ես Սվիֆթի մեծ երկրպագու եմ, ամեն առավոտ լսում եմ նրա նոր ալբոմը»:
«Նա Թեյլոր Սվիֆթի մեծ երկրպագու է: Նա առաջադրվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին, խնդրում ենք քվեարկել նրա օգտին՝ օգտագործելով ստորև նշված հղումը»,- ասվում է գրառման մեջ։
Ինչպես ավելի ուշ պարզվեց, այս անգամ Սվիֆթի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակը չազդեց քվեարկության արդյունքների վրա, ինչի մասին կխոսենք մի փոքր ուշ։
📜 Մի փոքր այն մասին, թե ինչու էր Էլլին դիմել Սվիֆթի ֆաներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թեյլոր Սվիֆթի երկրպագուները կարող էին ներգրավվել ֆուտբոլային մրցանակի համար քվեարկությունում: Անցյալ տարի նրանք քվեարկեցին Ջուդ Բելինգհեմի օգտին՝ Golden Boy մրցանակաբաշխության ժամանակ, այն բանից հետո, երբ «Բարսայի» ֆուտբոլիստ Ալեքս Բալդեն ասաց, որ իրեն դուր չի գալիս Թեյլոր Սվիֆթի երաժշտությունը: Արդյունքում Բելինգհեմը արժանացավ 2023 թվականի Golden Boy մրցանակին։ Նմանատիպ քայլի էին դիմել նաև «Բրայթոնի» երկրպագուները՝ առաջարկելով Սվիֆթի երկրպագուներին աջակցել Կաուրո Միտոմային՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի քվեարկությունում։
Ֆուտբոլիստն, ով պարզապես հրաշալի մրցաշրջան անցկացրեց, բացի այն, որ լավագույն ռմբարկուներից մեկն է ԱՊԼ-ում, նաև 13 անգամ օգնեց աչքի ընկնել իր թիմակիցներին։ Այս ցուցանիշով երկրորդը վերևում նշված հերոսներից մեկն է․․․ դա Պալմերն է, ով 11 գոլային փոխանցում ունի իր ակտիվում։ Նրանց հաջորդում է ֆուտբոլիստների մի մեծ խումբ, որոնք դարձել են 10-ական գոլային փոխանցման հեղինակ․ նրանք են՝ Մարտին Էդեգորը, Մոհամեդ Սալահը, Սոն Հին Մինը, Կևին դե Բրույնեն, Կիրան Տրիպյեն, Էնթոնի Գորդոնը, Պասկալ Գրոսը, Բրենան Ջոնսոնը, Մորգան Գիբս Ուայթը։
Եթե հաշվենք գոլ+գոլային փոխանցում համակարգով, ապա այս դեպքում առաջատարը Քոուլ Պալմերն է՝ 33 միավոր (22+11): Նրան հաջորդում են Հոլանդն ու Ուոթքինսը` 32 միավոր։ Լավագույնների թվում են նաև Մոհամեդ Սալահը (28), Ֆիլ Ֆոդենը և Սոն Հին Մինը (27-ական միավոր)։
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Ֆոդենն այս մրցաշրջանում ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն էր․ նա դարձել է 19 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացին նաև կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ու Դիդյե Դրոգբայի ռեկորդն ԱՊԼ-ում․ միայն այս երեք ֆուտբոլիստներն են մեկ մրցաշրջանի ընթացքում 3 անգամ հեթ-տրիկ գրանցել։
Այս մրցաշրջանի մյուս հերոսներից մեկը՝ Քոուլ Պալմերը, ճանաչվեց մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Ավելացնենք, որ երկրպագուների քվերակության արդյունքով՝ հենց Պալմերն է լավագույնն ԱՊԼ-ում։ Նա «Չելսիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը ստացել է այս մրցանակը։
«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան այս մրցաշրջանում արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակին, որը շնորհվում է հանդիպումներում դարպասն ամենաշատն անառիկ պահած դարպասապահներին։
«Բրայթոնի» ֆուտբոլիստ Ջեյմս Միլները 22-րդ մրցաշրջանն անցկացրեց ԱՊԼ-ում։ Այդ ցուցանիշով նա կրկնեց Ռայան Գիգսի ռեկորդը։
«Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել: 23-ամյա ֆրանսիացին մասնակցել է մրցաշրջանի բոլոր 38 հանդիպումներին՝ ոչ մի րոպե բաց չթողնելով։ Այսպիսով, խաղադաշտում անցկացրած ժամանակի ընդհանուր գումարը կազմել է 3420 րոպե։ Այս ռեկորդը վերաբերում է հենց Պրեմիեր լիգային, որը հիմնադրվել է 1992 թվականին։
Պեպ Գվարդիոլան ճանաչվել է 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն։ Գվարդիոլան այս մրցանակին արժանացավ հինգերորդ անգամ։ Նա նախկինում այն ստացել էր 2017/18, 2018/19, 2020/21 և 2022/23 մրցաշրջաններում։ Այս ցուցանիշով ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է, ով 11 անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ։
Ասեցինք Ա, ասենք նաև Բ-ն․․․ Շարունակելով մարզչական թեման՝ նշենք, որ այս մրցաշրջանը վերջինն էր (հուսանք՝ առայժ վերջինը) Յուրգեն Կլոպի համար ԱՊԼ-ում։ Հիմա չեմ պատմի նախապատմությունը և այլն․․․ Պարզապես, կասեմ՝ Յուրգե՛ն, շնորհակալություն․․․ Մի բան էլ ավելացնեմ․ զավեշտալի է, բայց նորից՝ Թեյլոր Սվիֆթի հետ կապված։ Հունիսին երգչուհին համերգ կանցկացնի Լիվերպուլում, հենց Էնֆիլդ մարզադաշտում։ Յուրգենն օրերս անգլիական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է կնոջ հետ ներկա լինել այս համերգին և արդեն իսկ ձեռք են բերել տոմսերը։ Ընդ որում, նշվում է, որ մարզիչն այդ մասին լրագրողի հետ խոսելուց երգել է Սվիֆթի հայտնի երգերից մեկի կրկներգը։ Այնպես որ, հնարավոր է Կլոպը «Լիվերպուլից» հեռանալուց հետո մեկ ամիս անց նորից վերադառնա Էնֆիլդ․․․ Բայց այս անգամ՝ որպես հանդիսատես։
Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքը եթե չգնահատենք՝ լավ, գոնե, կարող ենք ասել՝ բավարար էր։ Հաշվի առնելով նրա կատարած աշխատանքը և «Չելսիում» իրավիճակը (շատ երիտասարդ կազմ, շատ նորեկներ, խաղակցվածության պակաս, վնասվածքներ և այլն)՝ մի փոքր զարմանալի էր օրեր առաջ մարզչից բաժանվելու որոշումը։ Միգուցե, դա հենց Մաուրիսիոյի որոշու՞մն էր։ Ինչևէ, արգենտինացի մասնագետին, չի բացառվում, էլի կտեսնենք ԱՊԼ-ում․․․ սպասենք նորություններին առաջիկա օրերին։
Ինձ շատ տպավորեցին իրենց աշխատանքով նաև Իրաոլան և Գլասները, որոնց մասին վերևում արդեն նշել եմ։ Հիանալի աշխատանք կատարեց Ունաի Էմերին «Աստոն Վիլայում»՝ երկար ժամանակ անց թիմին վերադարձնելով ՉԼ։ Էդի Հաուի աշխատանքը «Նյուքասլում» ևս կարելի է բավարար համարել․ ճիշտ է, այն արդյունքները չէին, ինչ նախորդ մրցաշրջանում, բայց վերևում արդեն ասեցինք, թիմը դեռ պատրաստ չէր մի քանի ճակատով մրցակցության։ Բայց, թերևս, ամենաշատը տպավորեց Էնջը․ թե ինչպես միանգամից կերպարանափոխվեց «Տոտենհեմը» և որքան հաճելի էր դիտել այդ թիմի խաղը․․․ Ֆանտաստիկ էր դա, ու հուսամ՝ նոր մրցաշրջանում այն ավելի կկատարելագործվի․․․ Իսկ Դե Զերբին․․․ Սպասում եմ նրան որևէ թոփ ակումբում։
Դե ինչ, եթե կարճ՝ մրցաշրջանն իսկապես հետաքրքիր ստացվեց։ Կար չեմպիոնական մրցավազք, մի շարք թիմեր հաճելիորեն զարմացրեցին և անակնկալներ մատուցեցին, ոմանք էլ՝ հիասթափեցրին (ՄՅՈՒ-ի ֆաներ, պինդ կացեք, հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ լավ կլինի․․․ հուսով ենք)։ Ավարտվեց Կլոպի դարաշրջանը «Լիվերպուլում», «Չելսին» ևս նոր մարզիչ կունենա, ու հնարավոր է՝ նորից ականատես լինենք «հարուստ» տրանսֆերային պատուհանի։ Չի բացառվում՝ ՄՅՈՒ-ում ևս փոփոխություններ լինեն մարզչական շտաբում, իսկ «Տոտենհեմն» ու «Նյուքասլը» է՛լ ավելի ուժեղացնեն իրենց կազմերը և ավելի մրցունակ դառնան։ Նոր մրցաշրջանի մեկնարկին դեռ շատ կա, բայց այն արդեն իսկ խոստանում է հարուստ լինել հետաքրքիր իրադարձություններով․․․ Կհանդիպենք մրցաշրջանի ավարտից առաջ, իսկ հիմա տրամադրվենք Եվրոյին․․․Առայժմ․․․
Վար Բաբայան