«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խորհուրդներ է տվել մերսիսայդցիների նոր մարզիչ Արնե Սլոթին։
«Ազնվությունը, քրտնաջան աշխատանքը և հաջողությունը բերում են հարգանք և հիացմունք. սրանք են Լիվերպուլ քաղաքում ընդունվելու բանալիները: Ինչ էլ որ մտածեք, դուք պետք է արագ հասկանաք, թե ինչ է նշանակում լինել «Լիվերպուլի» մարզիչ: Յուրաքանչյուր խաղում ակնկալվում է հաղթանակ: Իսկ, եթե հաղթես ու լավ խաղաս, ապա կասեն, որ պետք է հաղթեիր երեք գնդակի տարբերությամբ։
Եթե ինձ հարցնեք , թե ինչ է սպասվում Արնե Սլոթին, ապա պետք է ուշադրություն դարձնել ժամանակաշրջանի վրա։ Համեմատեք այս «Լիվերպուլը» այն ժամանակի հետ, երբ ես ժամանեցի 2004 թվականին: Յուրգեն Կլոպին հետևելը հեշտ չէ, բայց նոր ակումբ եկող ցանկացած մարզչի համար ամենակարևոր հարցը հետևյալն է. «Որքան լավն են խաղացողները» և «Կարո՞ղ են նրանք տեղավորվել մեր համակարգում այնպես, ինչպես մենք ենք ուզում խաղալ»:
«Լիվերպուլը» Արնի մոտ տեսավ իր հավանած որակները։ Իմ ամենամեծ խորհուրդը նրան կամ ցանկացած մարզչի հետևյալն է․ լինել անկաշկանդ՝ հասկանալով ակումբի մշակույթը և այն քաղաքը, որտեղ գալիս ես աշխատելու: Երբ նա հասկանա դա, նա կանի առաջին դրական քայլը և կառաջնորդվի ճիշտ ճանապարհով»,- Բենիտեսի խոսքն է մեջբերել The Telegraph-ը։
Հոլանդացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից այն բանից հետո, երբ Սլոթը Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանա։