«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին:
«Նրանք միշտ խոսում են այն մասին, թե քանի անգամ պետք է դիպչեմ գնդակին: Երբ գոլ եմ խփում, ոչ ոք չի խոսում այդ մասին, իսկ երբ դա չեմ անում, մարդիկ սկսում են հաշվել, թե քանի անգամ եմ դիպչել գնդակի: Դա իմ կյանքի մի մասն է, և ես չեմ կարող վերահսկել, թե մարդիկ ինչ են ասում իմ մասին:
Ես պարզապես պետք է կենտրոնանամ այն բանի վրա՝ ինչ պետք է անեմ խաղադաշտում: Իմ գործը Ռոդրիի նման լինելն ու խաղը կառավարելը չէ։ Ես պետք է լինեմ տուգանային հրապարակում և ավարտեմ գրոհները: Սա է իմ նպատակը, և ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են ասում:
Ի վերջո, դուք կարող եք խաղալ առանց գնդակին դիպչելու: Դուք կարող եք դա անել շարժումներով, մտքով, գիտակցությամբ: Դա շատ կարևոր է. խոսքը միայն գնդակին դիպչելու մասին չէ: Իհարկե, պետք է դիպչել գնդակին, բայց ես գիտեմ իմ դերն այս թիմում»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում City Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։