Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Տուխելը աշխատել է Լոնդոնի «Չելսիում»։ Գերմանացի մասնագետը կհեռանա «Բավարիայից» այս մրցաշրջանի ավարտից հետո։
«Չեմ ուզում պատասխանել այս հարցին, բայց գաղտնիք չէ, որ ինձ դուր եկավ «Չելսիում», ինձ դուր եկավ Անգլիայում և, իհարկե, դուր եկավ Պրեմիեր լիգայում։ Դա շատ, շատ յուրահատուկ ժամանակ էր ինձ համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Չելսիի» հետ Թոմաս Տուխելը հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ 2022 թվականի սեպտեմբերի 7-ին Տուխելը հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ լոնդոնցիները պարտվեցին Զագրեբի «Դինամոյին» (0:1) Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի մեկնարկային խաղում։