Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բետիսին» և 2։1 հաշվով հաղթանակ տարել։
Ութերորդ րոպեին Ռուի Սիլվան գնդակն ուղարկել է սեփական դարպասը, ինչը թույլ տվել է մադրիդյան թիմին առաջ անցնել հաշվի մեջ: Առաջին խաղակեսի վերջնամասում մայրաքաղաքային ակումբն ավելացրել է իր առավելությունը՝ Ալվարո Մորատայի գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի միջնամասում սևիլյան թիմի կազմում մեկ գոլ հետ է բերել Ուիլյամ Կարվալյոն, սակայն ավելին անել հյուրերին չի հաջողվել։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանի 27 տուրից հետո «Ատլետիկոն» 55 միավորով չորրորդ տեղում է։ «Բետիսը» 42 միավորով վեցերորդ տեղում է:
Այսօր ավելի վաղ «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով հաղթել էր «Գրանադային»։
























































