Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը արձագանքել է «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ դոպինգի ընդունելու համար չորս տարով որակազրկման մասին լուրերին։
«Մի վայրկյան չեմ կարող հավատալ, որ Պոգբան դոպինգի ցանկություն է ունեցել։ Իհարկե, ես չեմ կարող անտարբեր մնալ նրա ողբերգության նկատմամբ՝ հաշվի առնելով ազգային հավաքականին մատուցած նրա ծառայությունները և մեր անձնական հարաբերությունները։
Այս իրավիճակը տխրեցնում է ինձ։ Հուսով եմ, որ այն կարող է լուծվել: Ես ուզում եմ հավատալ դրան:
Դոպինգի առկայությունը կասկածից վեր է։ Խնդիր կա, և Պոլին սպասում է մեկ այլ պայքար՝ CAS-ում պաշտպանվելու և դատավորներին համոզելու, որ նա գիտակցաբար արգելված դեղամիջոցներ չի ընդունել»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։
Ամիսներ առաջ Պոգբային ժամանակավոր որակազրկելու վճիռ է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Երկրորդ ստուգումն անցկացվել է անցյալ տարվա հոկտեմբերին:
Այսօր Sky Sport Italy հեռուստակայանը փոխանցել է, որ պատժիչ որոշումն ընդունվել է, երբ մասնագետներն այդ երկրորդ ստուգմամբ վերահաստատել են դոպինգի առկայությունը:
Պոգբան, ըստ նրանց, օգտագործել է տեստոստերոն՝ հորմոն, որը խթանում է մարզիկների դիմացկունությունը: «Յուվենտուս»-ը BBC-ին հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան է ծանուցում ստացել հակադոպինգային հանձնաժողովից:
Պոգբան պնդել է, թե իր նկատմամբ սխալ որոշում է ընդունվել, քանի որ ինքը «երբեք գիտակցաբար կամ միտումնավոր» դոպինգ չէր ընդունի:
























































