«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Լոս Անջելես Գելաքսիի» հետ MLS-ի խաղում գրանցած ոչ-ոքին: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ «Ինտեր Մայամին» 90+2-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլի շնորհիվ կարողացել է խուսափել պարտությունից։
«Կարծում եմ, որ մենք ավելի լավ խաղացինք երկրորդ խաղակեսում, ունեինք հնարավորություններ, մրցակիցը գոլ խփեց հակագրոհի ժամանակ, բայց հետո մենք ունեինք բնավորություն՝ շարունակելու գոլային պահ ստեղծել: Ոչ-ոքիի հասանք Լեո Մեսսիի հանճարի շնորհիվ»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է «Ինտեր Մայամիի» կայքը։
Այս պահին MLS-ում երկու հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» չորս միավորով առաջին տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Լոս Անջելես Գելաքսիի» համար այս հանդիպումն առաջինն էր մրցաշարում։