Ֆրանսիական Լիգա 1-ի ակումբների 61 ֆուտբոլիստներ կմասնակցեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, հայտնում է Actu Foot Afrique-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Կոտ դ’Իվուարում մեկնարկում է Աֆրիկայի ազգերի գավաթի 34-րդ խաղարկությունը։ Գավաթի հանդիպումները կանցկացվեն Կոտ դ’Իվուարի վեց մարզադաշտերում, որոնք տեղակայված կլինեն հինգ քաղաքներում՝ Կորոգո, Բուակե, Սան Պեդրո, Աբիջան և մայրաքաղաք Յամուսուկրո:
Աֆրիկայի ազգերի գավաքին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 թիմ։ Դրանք են՝ Նիգերիա, Կոտ դ’Իվուար, Հասարակածային Գվինեա, Գվինեա-Բիսաու, Կաբո Վերդե, Մոզամբիկ, Գանա, Եգիպտոս, Գամբիա, Գվինեա, Սենեգալ, Կամերուն, Ալժիր, Բուրկինա Ֆասո, Անգոլա, Մավրիտանիա, Նամիբիա, Մալի, Հարավային Աֆրիկա, Թունիս, Մարոկկո, Զամբիա, Կոնգո և Տանզանիա:
23 թիմեր որակավորվել են ընտրական փուլով, իսկ Կոտ դ’Իվուարը ավտոմատ կերպով մրցաշար է մտել որպես հյուրընկալող։ Յուրաքանչյուր խմբից դուրս կգան երկու լավագույն թիմերը: Նաև 1/8 եզրափակչի ուղեգիր կստանան ամենաշատ միավորներ հավաքած 3-րդ տեղը զբաղեցրած չորս թիմերը: Եզրափակիչը կկայանա փետրվարի 11-ին։
























































