«Հալ Սիթին» մոտ ապագայում մտադիր է իր շարքերը համալրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյով: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնության են եկել 21-ամյա խաղացողի վարձակալության պայմանագրի շուրջ։ Գործարքի համար փաստաթղթերը կպատրաստվեն մոտ ժամանակներս։
Կարվալյոն «Բենֆիկայի» և «Ֆուլհեմի» սան է: 2022 թվականի ամռանը նա միացել է մերսիսայդցիներին 5,9 միլիոն եվրոյով։Պորտուգալացին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ընդամենը մեկ գոլ։
Այս մրցաշրջանում Կարվալյոն «ՌԲ Լայպցիգի» կազմում 15 ոչ ամբողջական հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Կարվալյոյի նկատմամբ «Վուլվերհեմփթոնի» հետաքրքրության մասին։
























































