Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել Դավիդ Ալաբայի վնասվածքից հետո կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելու ուղղությամբ:
Todofichajes-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկել է «Բավարիայի» խաղացող Մատիս դե Լիխտի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռաֆայել Վարանի թեկնածությունները։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը որոշել է պայմանագիր կնքել ֆրանսիացի Վարանի հետ՝ դե Լիխտի բարձր արժեքի պատճառով։
Հիշեցնենք, որ Վարանը «Ռեալի» խաղացող է եղել 10 տարի՝ 2011-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում ֆրանսիացի պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 360 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդյան ակումբի կազմում Վարանը չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ հաղթել Իսպանիայի առաջնությունը, մեկ անգամ նվաճել է նաև Իսպանիայի գավաթը։
























































