Իսպանական Լա Լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է «Սելտայի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ 29-րդ րոպեին Գրիզմանն անվրեպ է իրացրել նշանակված 11-մետրանոցը, 64-րդ րոպեին նա կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 71-րդ րոպեին դարձել է հեթ-տրիկի հեղինակ և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը։
Ընդ որում, 25-րդ րոպեից «Սելտան» խաղացել է 10 հոգով, երբ Իվան Վիլյարը ուղիղ կարմիր քարտ ստանալով հեռացվել է խաղադաշտից։ Հենց նրա խախտման արդյունքում էլ նշանակվել էր 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկոն» իր միավորների թիվը հասցրել է 22-ի և բարձրացել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Սելտան» 6 միավորով 18-րդ տեղում է։
























































