Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն աջակցություն է հայտնել նախօրեին գնդակահարված երկու շվեդ երկրպագուների ընտանիքներին և ընկերներին։
«Խորապես ցնցված և վշտացած եմ երկու շվեդ երկրպագուների ողբերգական մահով Բրյուսելում՝ այն մարզադաշտի մոտ, որտեղ Բելգիան ընդունել էր Շվեդիային Եվրո-2024-ի ընտրական խաղում։ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլային հանրության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Մեր մտքերն ուղղված են Բելգիայի ու Շվեդիայի ժողովրդին, նրանց ազգային հավաքականներին ու ֆեդերացիաներին»,- գրել է Ինֆանտինոն իր սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Բրյուսելում (Բելգիա) Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բելգիա — Շվեդիա խաղից առաջ երկու շվեդ երկրպագուներ գնդակահարվել էին։ Առաջին խաղակեսից հետո խաղը դադարեցվել է և չի վերսկսվել: Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլերով՝ 1:1:
























































