«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համեմատել է լեգենդար Դիեգո Մարադոնային ու «Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Ես տեսել եմ Մարադոնային, Մեսսիին. Ինչո՞վ է տարբերվում Մեսսին: Հիշում եմ Ասիայի նախամրցաշրջանային շրջագայությունը։ Նա Արգենտինայից ժամանեց հոգնած ու կոտրված։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:0 էր, նա նստած էր պահեստայինների նստարանին։ Մրցաշարի կազմակերպիչն ասել էր. «Խաղադաշտ մտցրեք Մեսսիին, հակառակ դեպքում մենք ձեզ չենք վճարի»: Հանդիպման վերջին 20 րոպեներին Լեոյի հեթ-տրիկի շնորհիվ 3:0 հաշվով հաղթանակի հասանք։
Մարադոնան իր ժամանակի ամենաուժեղ խաղացողն էր, բայց այն բանից հետո, ինչ տեսա… Կներեք, բայց Լեոն բոլորովին այլ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
Ընդհանուր առմամբ, Մարադոնան ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 492 հանդիպում, որոնցում դարձել է 258 գոլի հեղինակ։ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում և դարձել 34 գոլի հեղինակ։