«Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել արբիտրաժում համաձայնության գալ թուրինյան թիմի հետ՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրեն հասանելիք աշխատավարձի վճարման հարցում: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ փողերը, որ երկկողմանի համաձայնությամբ սառեցվել է կարանտինի ժամանակ՝ 19,9 մլն եվրո գումար, որը չի ներառվել ֆինանսական հաշվետվություններում։
Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորայի» ներկայացուցիչները չորեքշաբթի օրը կայացած Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) արբիտրաժային խորհրդի լսումների ժամանակ ասել են, որ պորտուգալացին չի կարող պահանջել վճարումներ, որոնք չեն ձևակերպվել պաշտոնական համաձայնագրով։ Վերջնական դատավճիռը սպասվում է մեկ ամսվա ընթացքում։
Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է եկել 2018-ից 2021 թվականներին։ Անցած դեկտեմբերին նա 2,5 տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ։























































