Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը դարձել է բելգիական «Անդերլեխտի» խաղացող, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շմեյխելը, ազատ խաղացողի կարգավիճակում, բելգիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մեկ մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ավելի վաղ դարպասապահը հանդես էր գալիս ֆրանսիական «Նիցցայում», որտեղ անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ 13 խաղում անառիկ պահելով դարպասը։
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում 36-ամյա դարպասապահը հանդես է եկել անգլիական այնպիսի հայտնի ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Լիդսը» և «Լեսթերը»։ Վերջինիս հետ դանիացին դարձել է Անգլիայի չեմպիոն 2015/2016 մրցաշրջանում։ Բացի այդ, Շմեյխելը երկար ժամանակ եղել է Դանիայի հավաքականի հիմնական դարպասապահը, որի հետ մրցել է ԱԱ-2018-ում։
























































