Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 45 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Դե, ինչ տղաներ, վերջ: Դուք ինձ տվեցիք ամեն ինչ: Ես ձեզ ամեն ինչ տվեցի: Մենք դա արեցինք միասին»,- գրել է Բուֆոնն իր սոցիալական ցանցերում՝ կցելով իր կարիերայից հիշարժան պահերի տեսահոլովակը։
Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ մեկնելը։
Ֆրանսիական երկամյա կարիերայից հետո Բուֆոնը նախ վերադարձել է «Յուվենտուս», իսկ այնտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Պարմա»։
Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը։ 2006 թվականին Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի հետ նվաճել է աշխարհի գավաթը։