«Բարսելոնան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել 8 ֆուտբոլիստից։
Ինչպես հայտնում է AS-ը, Սամուել Ումտիտիի հետ պայմանագիրը խզելուց հետո կատալոնացիները մտադիր են բաժանվել Կլեման Լենգլեից և Սերժինյո Դեստից, որոնց շուրջ ստեղծված իրավիճակն արդեն անհանգստացնում է ակումբին։ Այս ֆուտբոլիստները բարձր աշխատավարձ են ստանում, ինչի պատճառով էլ «Բարսան» ցանկանում է ամեն գնով ազատվել նրանցից։
Նիկո Գոնսալեսն ու Ալեքս Կոլադոն այնքան էլ չեն ցանկանում հեռանալ, բայց ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրանք իրենց կարիերան (գոնե կարճաժամկետ հեռանկարում) կշարունակեն այլ ակումբներում։
Բացի այս 4 խաղացողներից, «Բարսելոնան» դիտարկում է հիմնական կազմի ևս մի քանի խաղացողների վաճառքը։ Նրանցից մեկը Պաբլո Տորեն է, որը վարձակալության բազմաթիվ տարբերակներ ունի: Մարզչական շտաբը կարծում է, որ նա կանոնավոր խաղային պրակտիկայի կարիք ունի։
Ակումբը ցանկանում է բաժանվել նաև Ֆրանկ Կեսյեից, որը պատրաստ է հեռանալ Չավիի հետ մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած զրույցից հետո։ Նշվում է, որ կիսապաշտպանը կհամաձայնի միայն շատ շահավետ առաջարկի։
«Բարսան» նաև ցանկանում է վաճառել Ֆերան Տորեսին։ Եթե Էրիկ Գարսիայի համար հետաքրքիր առաջարկ լինի, նա կհեռանա, չնայած, որ մարզչական շտաբը ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին։
Կատալոնացիները նաև պատրաստ են վաճառել Անսու Ֆաթիին, բայց նա կտրականապես հրաժարվում է հեռանալ։ «Բարսայում» մնալու նման մեծ ցանկությունը բարձր է գնահատվել ղեկավարության կողմից, ուստի Ֆաթիին կարող է վերջին հնարավորություն տրվել իրեն դրսևորելու համար:
Եթե Ալեմանին հաջողվի կազմակերպել թվարկված խաղացողներից ութի հեռանալը, ապա «Բարսան» այս ամառ կկարողանա ձեռք բերել ևս երկու նորեկների՝ հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի:
























































