Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները քվեարկել են տարբերանշանը փոխելու հարցի համար։ Այս մասին հայտնում է «ներքնակների» պաշտոնական կայքը։
Ակումբը տարբերանշանը փոխել է 2017թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր շատ երկրպագուներ ցանկացել են վերադառնալ հին տարբերակին: Քվեարկությանը մասնակցել է ակումբի 77690 անդամ, որը կազմում է անդամների ընդհանուր թվի 56%-ը։ Նախորդ նմուշի տարբերանշանի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած մարդկանց 89%-ը։

Վերամշակված լոգոտիպը կհայտնվի մարզահագուստների վրա, մարզադաշտում, սոցիալական ցանցերում և մեդիայում 2024 թվականին: Նշվում է, որ տարբերանշանի փոփոխման գործընթացը մասշտաբային է և ծախսատար։
























































