Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող դահուկավազքի մինչև 23 տարեկանների 2020թ աշխարհի առաջնության 30 կմ ազատ ոճի մրցմանը, ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 20-ամյա Միքայել Միքայելյանը փայլուն է հանդես եկել՝ գրավելով 11-րդ հորիզոնականը:
Մ23 տարեկանների ԱԱ-ին 25 երկրի 63 դահուկորդ է մասնակցել: Հատկանշական է, որ Միքայելյանն իր արդյունքով մեկնարկել է ընդամենը 38-ը և դիտարժան պայքարի արդյունքում գրավել է 11-րդ տեղը:
Միքայելյանի ելույթի մասին գրառում է կատարել դահուկասպորտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ սա բավականին սոլիդ արդյունք է.
«Դահուկավազքում նման հզորագույն պետությունների հետ պայքարում բավականին ՍՈԼԻԴ արդյունք։ Ուժեղագույն թիմերի այս տարիքային խմբի բոլոր ուժեղագույն մարզիկնեն էին մասնակցում։ Թիմեր, որոնք ունեն մի քանի մարզիչ, բժիշկ, սերվիս մասնագետներ (որոնք պատրաստում և փորձարկում են դահուկները) հովանավորներ, միլիոնավոր ԵՎՐՈների բյուջե և հզոր պետական աջակցություն։ Եվ այս ամեն ինչը չունենալով՝ պայքարում ենք հավասարը հավասարի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դահուկասպորտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Միքայելյանը ետ է մնացել միայն 6 երկրի՝ Նորվեգիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և Լատվիայի պատվիրակներից ,բայց փոխարենն իր հետևում է թողել այնպիսի երկրների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ն:
Հայ դահուկորդը 30 կմ տարածությունը հաղթահարել է 1:15.56 րոպեում և 87,43 միավոր վաստակել:
Նշենք՝ Միքայելը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր դահուկավազքի աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում: