Լեհաստանի Կրակով-Մալոպոլսկայում Եվրոպական երրորդ խաղերի մեկնարկից չորս շաբաթ առաջ վաճառվել են ստուգատեսի բացման և փակման արարողությունների տոմսերը:
Ընդհանրապես մարզական խոշոր իրադարձությունների բացման և փակման արարողություններին ամենաշատ հաճախելիությունն է գրանցվում: Խաղերի կազմկոմիտեն տեղեկացնում է,որ այդ միջոցառումները կներկայացվեն գեղարվեստական ելույթներով, երաժշտական հագեցվածությամբ, անվանիների երգ ու պարով, ժամանակակից տեխնոլոգիական էֆեկտներով և այլն:
Այնուհետև կկայանա ջահի բոցավառումը: Խաղերի կրակը Լեհաստան է հասել Հռոմից և վերջին մեկ ամսվա ընթացքում փոխանցավազքով շրջում է երկրով մեկ:
Օլիմպիական խաղերի օրինակով Հենրիկ Ռեյմանի մարզադաշտում , որը տեղավորում է ավելի քան 30.000 հանդիսական, դրոշակակիրների ուղեկցությամբ ստադիոն կմտնեն հին աշխարհամասի 48 երկրների պատվիրակություններ:
12-օրյա մրցումների ընթացքում, 29 մարզաձևերում, մեդալների 250 հավաքածուի և որոշ ձևերում Փարիզի օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 7 հազար մարզիկ – մարզուհիներ:
Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նշանակված է հունիսի 21 –ին, փակմանը՝ հուլիսի 2 –ին: