«Ուրարտուի» ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն արտասահմանյան հավաքի ընթացքում ստացած վնասվածքից հետո մոտ 2 ամիս վերականգնողական փուլ է անցել, որից հետո վերադարձել է «Ուրարտու» ու շարունակել մարզումները թիմի հետ։
Սանոգոն պատմել է վնասվածքից վերականգնվելու, թիմակցիների ու մարզչի հետ աշխատանքի և այլնի մասին:
«Իմ վերականգնողական փուլն անցավ Փարիզում։ Ես երկու ամիս ունեի ծնկի վնասվածք, ինչի պատճառով ես ոչինչ չէի կարողանում անել այդ ժամանակահատվածում: Դրանից հետո ուղևորվեցի Սլովակիա և այնտեղ երկու շաբաթ մարզվեցի իմ անձնական մարզչի հետ, որից հետո վերադարձա «Ուրարտու» և միացա թիմակիցներիս։
Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ, պետք է ավելի շատ մարզվեմ թիմի հետ, որպեսզի կարողանամ թիմակիցներիս ավելի լավ ճանաչել։ Ես չունեմ շատ ժամանակ ադապտացվելու համար, քանի որ թիմը գտնվում է մրցաշրջանի շատ կարևոր փուլում, բայց ես շարունակում եմ մարզվել թիմի հետ և աստիճանաբար ավելի լավ հասկանում տղաներին»։
ՄԱՐԶՉԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի հետ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա շփվում ֆուտբոլիստների հետ։ Մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում, և այդ ամենի մեջ իր մեծ ազդեցությունն ունի նաև գլխավոր մարզիչը։ Ես վստահում եմ նրան»։
ԹԻՄԻ ՑՈՒՑԱԴՐԱԾ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Արդեն երկու հանդիպման հետևել եմ մարզադաշտից։ «Ուրարտուն» շատ լավ ֆուտբոլ է խաղում, որը նաև առանձնանում է մյուս թիմերից։ Եղել են հանդիպումներ, երբ թիմը ցույց չի տվել իր լավագույն որակները, բայց նույնիսկ չստացված խաղերի ժամանակ պետք է ապահովել արդյունք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ, որ Հայաստանն ունի լավ առաջնություն։ Ճիշտ է այն այդքան էլ տարածված չէ Եվրոպայում, շատերը չգիտեն, բայց երբ ես տեղափոխվեցի «Ուրարտու», միանգամից նկատեցի, թե որքան լավ ֆուտբոլիստներ կան այստեղ։ Զարգացվածությունը նույնպես աճում է տարեցտարի և հույս ունեմ, որ ապագայում շատերը կլսեն այս առաջնության մասին»։
ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ ՏՂԱՆԵՐԻՆ
«Որպես խորհուրդ ես կասեմ նույնը՝ պետք է լինենք համախմբված։ Ճիշտ է, մարզիչն է որոշում մեկնարկային կազմը, և խաղը սկսում են հենց այդ 11 ֆուտբոլիստները, բայց լինում են դեպքեր, երբ խաղի ելքը որոշվում է պահեստայինների նստարանից, ուստի կարևոր է այդ կապը ֆուտբոլսիտների միջև՝ զգալ միմյանց և օգնել յուրաքանչյուր դրվագում։
Այս պահին ամենակարևորը միասին լինելն է, մենք պետք է մշտապես լինենք համախմբված։ Պետք է պայքարել յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, բայց դա կհաջողվի, եթե մենք լինենք համախմբված՝ ինչպես մեկ բռունք»։
Մանրամասները՝ «Ուրարտուի» տարածած տեսանյութում.