«Դարպասապահն ամենաանշնորհակալ խաղային դիրքն է․ եթե ամբողջ հանդիպման ընթացքում լավ ես խաղում, բայց մեկ սխալ ես թույլ տալիս, վատ է։ Երբեք մեջտեղում չես լինում․ դու կամ հերոս ես կամ անհաջողակ»,- ասում է «Ալաշկերտի» 33-ամյա դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, որի հետ ArmSport-ը զրուցել է երևանյան թիմի, ֆուտբոլային կարիերայի վաղ տարիների, ինչպես նաև Հայաստանի հավաքական հրավիրվել-չհրավիրվելու մասին Ալեքսանդր Պետրակովի ու Բագրատ Նավոյանի կարծիքների մասին։
Ի դեպ, հարցազրույցի ավարտին պարզեցինք, որ կարող էինք զրուցել նաև հայերենով և պայմանավորվեցինք դա անել հաջորդ անգամ։
-Օգնյեն, նախ, ուզում եմ խոսենք քո՝ Հայաստանի հավաքական հրավիրվել-չհրավիրվելու վերաբերյալ վերջին խոսակցությունների մասին։ Կարդացե՞լ ես դրանք։ Առհասարակ, դու քեզ տեսնո՞ւմ ես Հայաստանի հավաքականում։
-Այո՛, նայեցի Ազգային հավաքականի մարզչի ասուլիսը։ Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Արդեն 5 տարի է՝ այստեղ եմ, ինձ համար, իհարկե, հաճելի կլինի Հայաստանի ազգային հավաքականում խաղալը։ Եթե իմ կարիքն ունենան, կարծում եմ՝ իմ փորձով կկարողանամ շատ օգնել այս պահին։
-Ինչպիսի՞ն էր արձագանքդ մարզչի ասածին։
-Հարգում եմ մարզչի կարծիքը, բայց կարծում եմ՝ դարպասապահն իմ տարիքում իր կարիերայի լավագույն մարզավիճակում է լինում։ Բոլորը գիտեն, որ սա դարպասապահների համար լավագույն տարիքն է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանն այդպիսի շատ օրինակներ ունի․ Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը, Դավիդ Յուրչենկոն։ Կարծում եմ՝ տարիքը կարևոր չէ, եթե կարող ես օգնել։ Որովհետև Ազգային թիմում պիտի խաղան լավագույնները, ոչ թե մեծերը կամ երիտասարդները։ Ես ինձ լավ եմ զգում այս տարիքում խաղալիս, կարող եմ շատ բան տալ Ազգային հավաքականին։
-Մարզչի կարծիքը քեզ հիասթափեցրե՞ց, թե՞ պատրաստ ես ստիպել նրան փոխել այն։
-Մի փոքր հիասթափեցրեց, որովհետև ես չեմ ընդունում տարիքի մասին կարծիքները։ Տարիքը միայն թիվ է, ես էլ 39 տարեկան չեմ, 33 եմ, ողջ աշխարհում կարող եք տեսնել, որ դարպասապահները խաղում են մինչև 40 տարեկան։ Բայց ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ նրանց ցույց տամ, որ ինձ պիտի մեկ շանս տալ։ Եթե խնդիրը միայն տարիքն է, ցույց կտամ, որ այդ հարցում սխալվում է։
-Իսկ դիտե՞լ ես Թուրքիայի և Կիպրոսի դեմ խաղերը։
-Այո՛, դիտել եմ։ Հիանալի խաղ էր Թուրքիայի դեմ։ Հայաստանը մի քանի երիտասարդ խաղացողներ ունի, որոնք թարմ էներգիա էին տալիս թիմին, ինչը ինձ շատ դուր եկավ։ Երկու խաղում էլ նրանք որակ ցույց տվեցին։ Բայց ֆուտբոլում լավագույն կոմբինացիան երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներն են․․․և Հայաստանը կկարողանա մեծ արդյունքներ գրանցել։
-Խոսենք նաև «Ալաշկերտի» մասին։ Ինչպե՞ս են գործերը։
– Ամեն ինչ լավ է, թիմը լավ մարզավիճակում է։ Վահե Գևորգյանը շատ լավ թիմ է հավաքել։ Կարծում եմ՝ այս թիմը մեծ շանսեր ունի։ Ճիշտ ուղու վրա ենք։ Միայն մի խնդիր կա․ մեր պաշտպան Տարոն Ոսկանյանի վնասվածքը։ Առաջիկա խաղը նա բաց կթողնի։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
-Վահե Գևորգյանն ի՞նչ նոր գաղափարներ է բերել թիմ ու ի՞նչ է պահանջում թիմից։
-Նա խիստ կարգուկանոն է բերել։ Նա 100%-ով նվիրվում է, որ առաջընթաց ունենանք։ Նրա պահանջը ինքներս մեզ հավատալն է, հավատալը, որ մենք Հայաստանի լավագույն թիմերից մեկն ենք և յուրաքանչյուր խաղ պիտի անցկացնենք 3 միավորի համար՝ անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում։
-Կպատմե՞ս կարիերայիդ վաղ շրջանի մասին։ Ինչպե՞ս ես սկսել ֆուտբոլ խաղալ։
-Իմ ողջ ընտանիքը ֆուտբոլի մեջ է․ հայրս մարզիչ է, եղբայրս ևս ֆուտբոլիստ է։ Ես շուտ եմ սկսել մարզվել․ 4 տարեկանից հայրս ինձ հետը տանում էր մարզումների։ Սկզբում իմ հայրենի քաղաքի «Սլոբոդա Ուզիցե» թիմում էի խաղում։ Հետո տեղափոխվեցի մեծերի կազմ արդեն «Սլոգա» թիմում, որտեղ հայրս իմ մարզիչն էր։ Նա շատ խիստ էր։
-Ինչո՞ւ դարպասապահի դիրքն ընտրեցիր։
-Եղբայրս մտերիմ ընկեր ուներ, որը դարպասպահ էր։ Նա ինձնից 10 տարով մեծ է։ Միշտ վերցնում էի նրա ձեռնոցները։ Հայրս ամեն ինչ անում էր, որ փոխեի որոշումս, բայց ես միայն դարպասապահ էի ուզում լինել։
-Ո՞ր դիրքում էր ուզում, որ խաղայիր։
-Ցանկացած, բացի դարպասապահից։
-Որովհետև հիմնական դարպասապահը թիմում կարող է միայն մեկը լինել, իսկ դրա համար ավելի՞ շատ է պետք աշխատել։
-Նաև դրա համար։ Բացի դրանից, նա, եղբայրս, հորեղբայրս, նրա տղան, բոլորը այլ խաղացողներ են։ Դարպասապահ լինելը հեշտ չէ։ Ինչպես ասացիք՝ թիմում միայն մեկ դարպասպահ է լինում։ Դա մեծ պատասխանատվություն է։ Այն ամենաանշնորհակալ խաղային դիրքն է․ եթե ամբողջ հանդիպման ընթացքում լավ ես խաղում, բայց մեկ սխալ ես թույլ տալիս, վատ է։ Երբեք մեջտեղում չես լինում․ դու կամ հերոս ես, կամ անհաջողակ։
-Մի՞թե երբեք չես ցանկացել զգալ գոլ խփելու էմոցիաները։
-Ո՛չ։ Ես միշտ ուզել եմ փրկել։ Ինձ լավ եմ զգում, երբ թիմին օգնում եմ արդյունք գրանցել։ Դա ինձ ոգեշնչում է։ Ես թիմային խաղացող եմ։
-Բայց կարելի է նաև գոլ խփելով փրկել մյուսներին, այնպես չէ՞։
-Այո՛, շատերը կարող են դա անել։ Բայց ես սիրում եմ դաշտում վերջին խոչընդոտը լինել մրցակցի համար։ Դարպասապահ լինելու համար պետք է դարպասապահ ծնվել։
-2017-ին հրավիրվել էիր Սերբիայի հավաքական։ Նրանցից նոր հրավերի չե՞ս սպասում։
-Այո՛, հրավիրվել էի ԱՄՆ-ի դեմ Լոս Անջելեսում կայացած խաղին։ Անկեղծ ասած, Սերբիան հիմա 3-4 թոփ-դարպասպահ ունի։ Կարծում եմ՝ սպասելը լուծում չէ։
-Հայաստանի հավաքականում խաղալն ի՞նչ կտա քեզ։
-Ինձ համար մեծ պատիվ կլինի այս երկրի, այս ժողովրդի համար խաղալը։ Ինչպես ասացի սկզբում՝ ես Հայաստանն ու հայերին շատ եմ սիրում, նրանք գալուս օրվանից ինձ շատ լավ են ընդունել։ Ես ինձ կիսով չափ հայ եմ զգում՝ անկախ հավաքականի հետ կապված իրավիճակից։
-Իսկ դու ի՞նչ կտաս հավաքականին։
-Առաջին հերթին, 200% նվիրվածություն՝ ինչպես կխաղայի իմ հայրենիքի համար։ Փորձ։ Ես թիմային խաղացող եմ ու շատ բաներում կարող եմ օգնել։
-Օգնյե՛ն, Բագրատ Նավոյանն ասում էր՝ արդեն հայերեն քիչ թե շատ գիտես․ այս հարցազրույցը կարո՞ղ ես կարդալ, երբ պատրաստ լինի։
-(Ծիծաղում է) 80-90% հասկանում եմ հայերեն, լավ խոսում եմ, բայց ոչ կատարյալ։ Բայց հայերեն տառերը դեռ չգիտեմ։
Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բագրատ Նավոյանին, ողջ մարզչական շտաբին ու խաղացողներին, ովքեր ինձ աջակցում են այս իրավիճակում։
Ստելլա Բաբլոյան