Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի ունեցավ «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձին նվիրված՝ ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսի բացումը։
Միջոցառմանը ներկա էր նաև թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն։ Լրագրողների՝ Հայաստան-Թուրքիա խաղը մեկնաբանելու խնդրանքը Բոնդարենկոն մերժեց․
«Առանց մեկնաբանության։
Մեր ժողովուրդն այն ժամանակ ասում էր միայն թե «Նևթչիին» ու Թիֆլիսին չպարտվեք, հաղթում էինք ու 3 տարի հանգիստ ապրում։ Բայց հաղթում էինք 4-0, 6-1։
Այն ժամանակ քաղաքականություն չկար, մենք ուր գնում էինք, ռուսները հոտընկայս ծափահարում էին «Արարատին», որովհետև մենք հոյակապ խաղում էինք, մեզ ոչ մի անգամ վիրավորական խոսք չեն ասել։ Այն ժամանակ իսկապես մարդկային, ընկերական հարաբերություններ կային։ Այն ժամանակ Կիևի «Դինամոյի» տղաների հետ իրար, մարզական առումով, դաշտում ջարդում էինք, բայց հետո միմյանց իրար տուն հրավիրում, ընկերություն անում։
Ֆուտբոլիստները պետք է կյանքը դնեն ժողովրդի համար։ Եթե Հայաստանի հավաքական ես դուրս եկել, եթե գրված է Armenia, կյանքդ դի՛ր, թող պատգարակով քեզ տանեն, մենք այդպես էինք անում, դրա համար էլ հասանք այդ ամենին»։