Այսօր՝ մարտի 23-ին, Իտալիայի հավաքականը Նեապոլում կհյուրընկալի Անգլիային Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղում։ 1994 թվականից ի վեր առաջին անգամ Իտալիայի հավաքականում «Յուվենտուսի» խաղացող չի լինի։
Թուրինյան ակումբի միակ ներկայացուցիչը Ռոբերտո Մանչինիի ընդլայնված ցուցակում, որը պատրաստվել է Անգլիայի և Մալթայի հետ հանդիպումներին, փորձառու պաշտպան Լեոնարդո Բոնուչին էր։ Բայց արդեն հանդիպումներին նախապատրաստվելու ընթացքում պարզվեց, որ 35-ամյա ֆուտբոլիստը լիովին չի ապաքինվել Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Սամպդորիայի» հետ խաղում (4:2) ստացած վնասվածքից։
Որոշվել է, որ ֆուտբոլիստը որպես հանդիսատես ներկա կգտնվի Նեապոլի մարզադաշտում, իսկ հետո կվերադառնա Թուրին՝ ավարտելու բուժումը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Վերջին անգամ Իտալիայի հավաքականի հայտացուցակում «Յուվենտուսի» խաղացողներ չեն եղել 1996 թվականի Եվրոյի ընտրական փուլի Էստոնիայի հետ խաղում (2:0), որը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերին։
Իտալիա — Անգլիա խաղը կկայանա այսօր Նեապոլում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:45: