«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ այս մրցաշրջանում մտադիր չի եղել ավարտել կարիերան իսպանական ակումբում։ Իսպանացին հարազատ ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2022 թվականի նոյեմբերին։
«Ինչպե՞ս եմ ես զգում: Անձամբ ես լավ եմ: Այն, ինչ ես ասացի «Կամպ Նոու»-ում հրաժեշտի հանդիպմանը, լավ արտացոլում էր իմ հոգեվիճակը: Իմ կյանքում շատ բան է տեղի ունեցել, և ոչ միայն պրոֆեսիոնալ մակարդակով։ Երբեմն հասկանում ես, որ պետք է բոլորի համար լավագույն որոշումը կայացնես: «Բարսելոնայում» կարիերան ավարտելն այն չէ, ինչ ես ուզում էի, բայց ես հասկացա, որ պետք է դա անեմ։
Ես ավարտեցի կարիերաս մի շարք պատճառներով: Ես ինձ այնքան կարևոր չէի զգում, որքան մյուս ժամանակներում, և դա ինձ հաճույք չէր պատճառում։ Չեմ մանրամասնի, թե արդյոք ինչ-որ մեկի կողմից խաբված եմ զգացել։ Դա իմ և թիմի համար ամենաօգտակար որոշումն էր։ Ես մտածված և ճիշտ որոշում եմ կայացրել»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը՝ հղում անելով Rac1-ին:
«Կամպ Նոուում» իր հրաժեշտի ժամանակ Պիկեն երկրպագուներին ասել է, որ «այստեղ է ծնվել, և այստեղ էլ կմեռնի»: