Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը տարվա ուսումնամարզական առաջին մարզումը սկսել է Աբովյանի համալիրում: Տղամարդկանց թիմի նման, կանայք նույնպես, պարապմունքները կավարտեն հունվարի 29-ին:
Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գյումրեցի Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ հավաքի է հրավիրել տարիքային երեք խմբերի 15 ներկայացուցիչների: Պատանեկան հասակի մեր աղջիկները / նաև տղաները / պետք է նախապատրաստվեն և լավ մարզավիճակով ներկայանան մարտի 23-ին Ալբանիայում սկսվող աշխարհի առաջնությանը:
Ուսումնամարզական հավաքները շարունակական կլինեն: Ընթացքում տեղի կունենան նաև փորձամրցումներ: Կանանց ընտրանու համար գլխավորը հաջող մասնակցությունն է ապրիլին մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի և սեպտեմբերին ՝ Սաուդյան Արաբիայում կայանալիք աշխարհի առաջնություններում:
Կարևորվում է ոչ միայն մրցանակակիր դառնալը, այլ նաև Փարիզի օլիմպիական խաղերի արտոնագրերի նվաճումը: