«Սեուտայի» գլխավոր մարզիչ Խոսե Խուան Ռոմերոն դժգոհ է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի խոսքերից։
Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունից հետո «Բարսելոնայի» մարզիչն ասել էր․ «Ինչ վերաբերում է «Սեուտային», ապա առաջին անգամ մեր բախտը բերեց վիճակահանության ժամանակ։ «Բարսան» ստացել է ավելի ցածր մակարդակի մրցակից, բայց չպետք է մոռանալ, որ մի քանի օր առաջ՝ «Ինտերսիթիի» հետ խաղում, մենք կործանման եզրին էինք»։
«Այս մեկնաբանությունը ցավալի եմ համարում։ Նա կարող էր այլ կերպ արտահայտել իր միտքը։ Ո՛չ ինձ, ո՛չ թիմին դա դուր չեկավ։ Նրա բախտը բերել է, ինչպես նաև մերը։
Մենք նրանցից շապիկներ չենք խնդրի։ Երբ խաղն ավարտվի, կտեսնենք, թե ով է ավելի բախտավոր։ Միգուցե նա չգիտի, թե որքան ջանք է պետք, որպեսզի մեր նման թիմերը հայտնվեն այս իրավիճակում, քանի որ իր մարզչական կարիերայում շատ ավելի հեշտ ճանապարհ է անցել։
Ես կեղծավոր չեմ: Միշտ փորձում եմ մեծ հարգանքով վերաբերվել հակառակորդին։ Իսկ ցածր դիվիզիոնների թիմերին միշտ հարգում եմ, քանի որ ինքս այնտեղից եմ եկել։
Ես հիանում եմ Չավիով։ Իմ կարծիքով՝ նա Իսպանիայի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա զարմացրեց ինձ։ Ինձ դուր չեկան նրա խոսքերը»,- Ռոմերոյի խոսքն է մեջբերել Cadena Ser-ը։