Այսօր` հուլիսի 29-ին Երևանում կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Արթուր Նազարյանը։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Ժողովին մասնակցած 34 պատվիրակներից 33-ը բաց քվեարկությամբ միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկման կարգը, որից հետո անցել են գլխավոր ընտրությանը։ Նախագահի թեկնածու Արթուր Նազարյանը ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պատասխանել պատվիրակների հարցերին։ Դրան հաջորդած բաց քվեարկության արդյունքում նա միաձայն ընտրվել է ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում։
Նշենք, որ Արթուր Նազարյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով կազմակերպչական, միջազգային ու զարգացման ծրագրերը։ Նա 2012 թվականից հանդիսանում է FIBA-ի միջազգային կոմիսար, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA ակադեմիայի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքի մասնակից։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին:




























































